Սամվել Կարապետյանի ՈՒժեղ Հայաստան շարժումը հրապարակել էր իր ծրագրային դրույթներ։ Մասնավորապես, նախատեսված է 300 000 նոր աշխատատեղերի ստեղծում։ Դրա հաջորդ օրը, հունվարի 21-ին, ԱԺ-ում ՔՊ-ականները հայտարարեցին. պահ, պահ 300 000, մենք (այսինիքն, ՔՊ-ականները) 350 000 ենք ստեղծել։ Դրանից հետո հունվարի 21-ի ուշ երեկոյան, ենթադրվում է, որ կտրուկ բարձրացել է ՀՀ հայտնի սուտասան Ստեփանի ճնշումը։
Նույնիսկ նա, ով համարվում է ՀՀ սուտասանների չեմպիոնը, զայրացել է. ի՞նչքան կարելի է նման ստեր ասել։ Եվ իրոք, ստի ոտքերը կարճ են։
Եվ, այսպես, 2017թ ՀՀ տնտեսության մեջ զբաղվածների թիվը եղել է 1011.7 հազ մարդ։ 2024-ին այդ թիվը կազմել է 1176.1 հազ. մարդ։ Այն է, 7 տարում զբաղվածների (այսինքն՝ աշխատողների) թիվն ավելացել է .... 164.4 հազ. -ով։ 350 000 թիվ պարզապես չկա։ Հիմա, ի՞նչու 2024։ Միգուցե 2025-ին զբաղվածների թիվը կտրուկ ավելացե՞լ է։ Բանն այն է, որ այս պահին ունենք 2025թ զբաղվածների թիվը 3-րդ եռամսյակի դրությամբ։ Տարեկան թվերը դեռ չկան։
Համենայն դեպս, չարախոսներից խուսափելու համար նշենք, որ 2025-ի 1-ին եռամսյակում զբաղվածների թիվը եղել է 1159.4 հազ. մարդ, 2-րդ եռամսյակում՝ 1190.7 հազ մարդ և երրորդում՝ 1210 հազ մարդ (2024-ին համապատասխանաբար եղել է՝ 1116.4; 1190.9 ու 1211.4 հազ.մարդ)։
Ասել կուզի, 2025-ի զբաղվածների թիվը 2024-ի 1176.1 հազ մարդ թվից շատ չի տարբերվելու։ Ավելի հետաքրքիր է գործազուրկների թիվը։
2017-ին այն եղել է 219 հազ մարդ։ 2024-ին 181.2 հազ մարդ, իսկ 2025-ի հոկտեմբերին՝ 161.3 հազ. մարդ։ Այսինքն, գործազուրկների թիվը 8 տարում (ավելի ճիշտ՝ 7 տարի 9 ամսում) պակասել է... 57.7 հազ մարդով։ Բա ի՞նչ եղավ ձեր 350 հազար աշխատատեղը։
Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ